Եթե երկիրը չունի ու չի էլ ունեցել փորձով, գիտելիքներով ու դրանք կիրառելու հմտություններով զինված քաղաքական վերնախավ, այլ դրա փոխարեն ունեցել է պատահական չտեսների տգետ,և ատելությամբ ու նախապաշարումներով լի ամբոխ, որի միակ նպատակը աղքատության ճիրաններից դուրս գալն է, իսկ մի քանի երջանիկների համար՝ նաև հարստանալը, ապա նման երկիրը գոյության պայքարում մրցունակ լինել չի կարող։
Բացի դրանից, եթե նման երկիրը ուրիշներին մեղադրում է այն բանում, որ նրանք իրեն չեն պաշտպանում, բայց իր մտքով անգամ չի անցնում այդ բանում ինքն իրեն մեղադրել, որն ավելի տրամաբանական է, ապա նա առավել ևս անմրցունակ է տոտալ գոյապայքարում։
Եթե դրան էլ ավելացնենք, որ միայն այստեղից-այնտեղից լսած տեղեկությունների պատառիկներով զինված գավառական քաղաքական վերնախավը չի կարող ո՛չ աշխարհի գործերից բան հասկանալ, ո՛չ էլ կարողանալ գոնե ընդհանուր գծերով պատկերացում ունենալ իրեն շրջապատող ուժային դաշտում կատարվող փոփոխությունների ու դրանց հավանական ընթացքի մասին ապագայում, ապա փոքր ու թույլ երկրի անելանելի վիճակը ավելի ակնհայտ կդառնա։
Եվ այս պայմաններում, եթե նույն փոքր ու թույլ երկիրը չի հասկանում իր հիմնական դաշնակցի քաղաքականությունը և չի հետևում նրա իրատեսական խորհուրդներին և, բացի դրանից, չհասկանալով փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը, շարունակում է հոխորտալ իրենից շատ ուժեղ իր դարավոր թշնամու դեմ, ապա ինքն իրեն տանում է դեպի փակուղի։
Եթե փակագծերը մի փոքր բացենք և մենք մեզ հարց տանք, թե եթե մեր դիմադրությունը չլիներ, ու «Լավրովի պլան» կոչեցյալը կյանքի կոչվեր, ապա ներկա վիճակի հետ համեմատած ինչպիսի՞ն կլիներ մեր ու թուրքերի շահերի ու կորուստների դինամիկան։
Ակնհայտորեն, հայ ժաղավուրդն ու Հայաստանը, այսօրվա հետ համեմատած, դուրս կգային շահով, իսկ թուրքերը՝ կորստով, և հնարավոր է նաև, որ ինչ-որ հավանականությամբ կտուժեր նաև Հայաստանի իշխանությունը։
Դրանից հետո էլ, կարելի է պատկերացնել, թե «Լավրովի պլանից» հրաժարվելու որոշում կայացնելիս ինչ կշեռքով են ամեն ինչը ծանր ու թեթև արել մեր վայ առաջնորդները, որոնց հաջորդները օգտվում են նույն էգոիստական տեսակի կշեռքներից։
Փոքրի ու թույլի հնարավորինս արժանապատիվ ապրելը մեծ արվեստ է, որից գավառական մտածելակերպն անվերջ հեռու է։
Պավել Բարսեղյան